BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Մեկնարկը տրված է

Մեկնարկը տրված է
19.09.2014 | 12:08

Ընթացիկ շաբաթ տրվեց Եվրոպայի չեմպիոնների լիգայի հերթական մեկնարկը: Հերթական ենք ասում ու մի տեսակ անհարմար զգում այդ բառի համար, որովհետև այն, ինչ տոն է, սրտի ուրախություն, սպասված վայելք, ինչպե՞ս կարող է բնութագրվել «հերթական» բառով, բայց դե մի կողմից էլ, եթե իսկապես հերթական խաղարկությունն է, ուրիշ ի՞նչ ասես, ինչպե՞ս անվանես: Սակայն շատ ջուր քաշող սույն հարցի մեջ որ շատ չխրվենք, եկեք միանգամից անդրադառնանք կոնկրետ զարգացումներին:

ԻՆՉ ՏՎԵՑ ԵՐԵՔՇԱԲԹԻՆ
Ինչ տվե՞ց: 2:0 հաշվով ավարտված երեք խաղ, որից երկուսը հաճելիորեն շոյեց տանտերերի՝ տվյալ պարագայում «Արսենալին» ու «Մալմյոյին» հյուրընկալած Դորտմունդի «Բորուսիայի» ու «Յուվենտուսի» մարզասերների սիրտը, իսկ մյուսը՝ հյուրերի. արտագնայում «Զենիթը» պարտության մատնեց «Բենֆիկային»:
Այստեղ մի փոքր դեպքերի ժամանակագրությունը խախտենք ու հայացք նետենք չորեքշաբթիին, որն իսկապես սև օր դարձավ ռուս մարզասերի համար: Իտալական «Ռոման» ոչ թե հաղթեց, այլ պարզապես վերցրեց ու գնդակահարեց ԲԿՄԱ-ին` այն էլ, ոչ ավելի, ոչ պակաս, 5:1 խայտառակ հաշվով: Հաշիվն այն աստիճան հիմարացնող էր, որ ռուս մեկնաբաններին ոչինչ չէր մնում, եթե ոչ օրվա խաղերի մեջ բախտակից գտնել: Այդ «հուսավորողը» դարձավ բելառուսական ԲԱՏԷ-ն, որը «հաջողեցրեց» ավելի խոշոր՝ 0։6 հաշվով պարտվել «Պորտուին»: Եթե տեսնում եք, խոսքն այն, թե դժբախտությունն ընկեր չունի, այնքան էլ ճիշտ չէ, թեպետ այն ավելի շուտ հիշեցնում է էն անտեր սրտի անտեր մխիթարանքը: Հուսով եմ՝ հասկացաք: Սակայն եկեք այս թեման էլ արագ փակենք, թե չէ կգտնվեն մարդիկ, ովքեր կարող են ասել՝ դուք ձեր չունեցածից խոսեք, ու այստեղ դիմադարձությունը, թե մեր չունեցածը ձեր ունեցածին հավասար է, ավելի շատ կնմանվի լեզվանի կանանց կռվի, որտեղ երկուսն էլ իրենց չունեցած ճշմարտության մեջ հավասարապես ճիշտ կլինեն:
Շարունակելով մնալ «երեքի գործի» տիրույթում` ասենք, որ առանձնապես դառնացրեց Լոնդոնի «Արսենալը», որը նույնիսկ մեկ գոլով չկարողացավ հիշեցնել մարզադաշտում իր գոյությունը, մինչդեռ երկրի ներքին առաջնությունում մի երկու օր առաջ այնպիսի փառահեղ ճակատամարտ տվեց հյուր եկած «Մանչեստր Սիթիին», որ ֆուտբոլասերին պարզապես մնում էր վրնջալ հաճույքից: Ինչևէ, մխիթարվենք նրանով, որ լոնդոնցիները պարտվել են մեր Մխիթարյանի թիմին` ասելով, որ մեր տղան թեև գոլ չխփեց, սակայն հիանալի խաղաց ու պատահական չէ, որ ռուսական լրատվականներից մեկն այսպես արտահայտվեց` Հենրիխ Մխիթարյանը հաղթեց «Արսենալին»:
Երեքշաբթի կայացած խաղերում իրենց պատվարժան պահեցին նաև արքայական ակումբը (գնդակների 5:1 հարաբերակցությամբ պարտության է մատնել «Բազելին»), անցած տարվա Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ հաղթանակ տոնած «Օլիմպիակոսը»՝ 3:2: Այս շարքում երևի թե կարելի է հիշատակել և «Լիվերպուլին», սակայն ակնհայտորեն թույլ «Լուդոգորեցի» հետ խաղում անգլիացիների օգտին գրանցված 2:1 հաշիվը, կներեք, ավելի շատ սիրտ խառնող էր: Պատկերացրեք՝ եթե խաղի վերջին վայրկյաններին նշանակված այդ տասնմեկմետրանոցն էլ չլիներ, չեմ էլ կարող երևակայել, թե մերսիսայդցիները որ ծակում պիտի գլուխները թաքցնեին:
Ինչ վերաբերում է ոչ-ոքի (1:1) ավարտված օրվա միակ հանդիպմանը, այն Թուրքիայում էր: Քիչ էր մնացել «Անդերլեխտը» երեք միավորով վերադառնար հայրենի եզերք, բայց եղավ այն, ինչը մի կողմի համար նույնքան ցանկալի էր, որքան դիմացի կողմի համար անցանկալի:

ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՔՇԱԲԹԻՆ
Հակառակ երեքշաբթիին, չորեքշաբթին գոլային առումով անհամեմատ դժգույն կլիներ, եթե չլիներ ռուսական ԲԿՄԱ-ի ու բելառուսական ԲԱՏԷ-ի հետ պատահած ողբերգությունը, թիմեր, որոնք միացյալ ուժերով բաց թողեցին տասնմեկ գնդակ: Եթե հաշվենք, որ ԲԿՄԱ-ն դեմք փրկող գոլն այնուամենայնիվ խփեց, ապա պիտի փաստենք՝ չլինեին նրանք, օրվա մեջ պիտի գոհանայինք ութ գոլով, որոնցից վեցը բաժին է հասնում 1:1 հաշվով ավարտված «Մարիբոր»-«Սպորտինգ», «Չելսի»-«Շալկե», «Այաքս»-ՊՍԺ զույգերին: Օրվա մյուս երկու հանդիպումում արձանագրվել են հետևյալ արդյունքները՝ «Բարսելոն»-ԱՊՕԵԼ՝ 1:0, «Բավարիա»-«Մանչեստր Սիթի»՝ 1:0, «Աթլետիկ» -«Շախտյոր»՝ 0:0:
Եթե անցած երկու օրերի կտրվածքով դիտարկենք արձանագրված արդյունքները, դրանց մեջ զարմացնող քիչ բան չկա: «Բարսելոնը», չնայած ահռելի առավելությանը, ընդամենը նվազագույն հաշվով է հաղթում իր հետ ոչնչով համեմատության մեջ չդրվող ԱՊՕԵԼ-ին, աստղաբույլ ունեցող «Պարի Սեն Ժերմենը» ոչ-ոքի է խաղում միջինը քսան տարեկաններով համալրված «Այաքսի» հետ, հզոր հարձակման գիծ ունեցող «Մանչեստր Սիթին» չի էլ կարողանում գոնե մեկ անգամ գրավել մրցակցի դարպասը, որքան էլ այդ մրցակիցը «Բավարիան» է։ Թվարկումը կարելի է շարունակել ու երկար շարունակել: Իհարկե կարելի է ու երևի թե ավելի ողջամիտ է այստեղ դիմել «Սա ֆուտբոլ է, որտեղ հնարավոր է ամեն ինչ» հայտնի բանաձևումին, բայց այս բանաձևումը մի տեսակ չափից դուրս փրկօղակ չի՞ դառնում ինչ-ինչ բաների համար: Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես ինձ իրավունք եմ վերապահում ինչ-որ բաներում կասկածելու և այն էլ լրջորեն կասկածելու:
Մասնավորապես ինչի՞ն: Դե որ այդքան շատ եք համառում, պատասխանեմ հետևյալ կերպ՝ օրինակ, եղանակի տեսությանը:
Բավարարվեցի՞ք:

ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Երեքշաբթի-չորեքշաբթի կայացած խաղերով Չեմպիոնների լիգայի 2014-2015 թթ. խաղարկությունն ընդամենը մեկնարկեց, սակայն ամեն տեսակի վարկանիշներ սիրողներն ու շնորհողներն արդեն խաղարկության ավարտական փուլում են իրենց կանխագուշակումներով: Այս պահի դրությամբ հաղթողի ամենառեալ հավակնորդներ են դիտվում Մյունխենի «Բավարիան» ու Մադրիդի «Ռեալը»՝ հինգական միավոր: Նրանց հետևում են կատալոնյան «Բարսելոնն» ու անգլիական «Չելսին» (համապատասխանաբար 7 և 8 միավոր): Միավորների որոշակի կտրվածությամբ քառյակին հաջորդում են «Մանչեստր Սիթին» (15 միավոր), 26-ական միավոր «վաստակած» Մադրիդի «Աթլետիկոն», Լոնդոնի «Արսենալը», Դորտմունդի «Բորուսիան»: 29-ական միավորով տասնյակը եզրափակում են իտալական «Յուվենտուսն» ու անգլիական «Լիվերպուլը»:

ՌՈԼԱՆԴՈՒՆ ԱՆՑԱՎ ԱՌԱՋ
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը թե՛ Մադրիդի «Ռեալը», թե՛ կատալոնյան «Բարսելոնը» սկսեցին հաղթանակով: Եթե խաղերում արձանագրված գոլերի թիվը նկատի ունենանք, առավել շահեկան է ներկայանում արքայական ակումբը, որը մրցակցին՝ «Բազելին», հաղթեց 5:1 հաշվով: Այս առումով ավելի քան համեստ էր նվազագույն հաշվով ԱՊՕԵԼ-ի նկատմամբ առավելության հասած «Բարսելոնը»: Սակայն այս թիմերի մասնակցությամբ խաղերը հետաքրքրական են մեկ այլ առումով ևս: Բանն այն է, որ լարված մրցակցություն է գնում նաև նրանց առաջատարների՝ Քրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսիի միջև, ովքեր Չեմպիոնների լիգայում գործող ֆուտբոլիստներից ամենաշատ գոլեր խփած մարզիկներն են: «Բազելի» հետ հանդիպումում Ռոնալդուն գոլ խփելու իր շանսը բաց չթողեց ու 68 գոլով շրջանցեց արգենտինացուն, մինչդեռ Մեսին բավարարվեց լոկ գոլային փոխանցումով:

ԽԱՎԻԻ 142-ՐԴԸ
ԱՊՕԵԼ-ի հետ հանդիպումը կատալոնյան ակումբի կիսապաշտպան, համաշխարհային ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստներից մեկի՝ Խավիի համար դարձավ թվով 142-րդը Չեմպիոնների լիգայի խաղերում: Այս ցուցանիշով նա հասավ նույնքան լեգենդար Ռաուլին, ում կյանքի ոսկե տարիները կապված են արքայական ակումբի հետ: Եվրոպական ֆուտբոլի այս հեղինակավոր մրցաշարում նրանցից ընդամենը մեկ հանդիպում է պակաս անցկացրել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով հավասարվեց մեծ ֆուտբոլին նախորդ մրցաշրջանում հրաժեշտ տված «Մանչեստր Յունայթեդի» պաշտպան Ռայան Գիգզին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ